Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:
Ողջունելով հյուրին` նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին դիվանագիտական ծառայության ընթացքում երկու երկրների հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած ջանքերի համար:
Անդրադառնալով Հայաստանի և Էստոնիայի միջև արդյունավետ փոխգործակցության շարունակականությանը՝ նախագահը նշել է. «Բարձր եմ գնահատում մեր երկրների համագործակցության ներկայիս մակարդակը, ինչպես նաև Ձեր անձնական ջանքերը մեր երկրների գործակցության խթանման ուղղությամբ և այն աջակցությունը, որը ցուցաբերել է Էստոնիան Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար՝ դեսպանը նշել է, որ Հայաստանի և Էստոնիայի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում՝ շնորհիվ երկկողմ ջանքերի:
Հանդիպման ընթացում քննարկվել են ժողովրդավարական բարեփոխումների և պետական ինստիտուտների կայացման գործում օրինակելի փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ հարցեր: Շեշտվել է ժողովրդավարության սկզբունքների հետևողական կիրառման կարևորությունը երկրների հետագա զարգացման տեսանկյունից:
Անդրադարձ է կատարվել երկու երկրների ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման հարցերին:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրադրության և զարգացումների մասին: Այս համատեքստում շեշտվել է առկա հիմնախնդիրները խաղաղ բանակցային եղանակով և միջազգային հիմնարար իրավունքների ու սկզբունքների շրջանակում հանգուցալուծելու հրամայականը: