Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում. Խաչատուրյանն` ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ:
Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան նախագահը նշել է.
«Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և այս նախաձեռնությանն առանձնահատուկ ուշադրություն դարձնելը:
Ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկրի կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի տարածքների հավասարաչափ զարգացմանը: Դրան է ուղղված նաև համայնքների խոշորացման գաղափարն ու իրականացումը, որի արդյունքն արդեն իսկ տեսնում ենք:
Մենք մեծապես շահագրգիռ ենք, որ Երևանից դուրս Հայաստանի զարգացման ներուժն ամբողջությամբ օգտագործվի: Այս առումով այս միջոցառումն ու նախաձեռնությունը շատ կարևոր է: Մեկ անգամ ևս շնորհակալություն Ձեզ այցելության համար»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Ռիչարդ Վերման ասել է. «Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ: Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, սակայն Ձեր երկրի հետ հարաբերությունների կառուցման շուրջ աշխատել եմ երկար տարիներ: Իսկապես հիանալի է լինել այստեղ իմ գործընկերների հետ: Սա շատ կարևոր ժամանակահատված է մեր հարաբերություններում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր:
Երկուստեք շեշտվել է տարածաշրջանում բնականոն զարգացման համար կայուն և տևական խաղաղության հաստատման նշանակությունը:
Զրույցի ընթացքում կարևորվել է երկու երկրների տեղական մարմինների և համայնքների միջև տարբեր ձևաչափերով համագործակցության հետագա զարգացմանն ուղղված երկկողմ ջանքերի ներդրումը: