Սևակի գրիչը սթափեցնող է. այսօր մեծանուն գրողի հիշատակի օրն է
Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է, իսկ տարին՝ հոբելյանական: Այսօր Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, դրանց հետևել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի տեղակալ Երանուհի Մարգարյանը, սևակասերներ:
Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար: Նա տեղեկացրել է, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
«Մարդու մեծությունը չափվում է ապագայով՝ թե որքան ներդրում ես ունենում մշակույթի, պետության զարգացման գործում: Պարույր Սևակն իր մտածողությամբ և՛ մեծ քաղաքացի էր, և՛ մեծ գրող ու խիզախ հրապարակախոս, գրականագետ ու գիտնական: Նա մեծություն էր, քանի որ նրա գրիչը, բացի մեր ժողովրդի հոգեբանությանը բնորոշ արժեքներ ստեղծելուց, նաև սթափեցնող էր»,- ասել է Էդվարդ Միլիտոնյանը:
Նրա գնահատմամբ՝ Սևակի ստեղծագործությունը մրցակցային է նաև համաշխարհային գրականութան մեջ և տարբեր լեզուներով շարունակաբար թարգմանվում է:
Մինչ միջոցառումների մեկնարկը, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը մեծ ներդրում ունի սևակագիտության ոլորտում:
Միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել Պարույր Սևակի «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները: Իսկ տուն-թանգարանի այգում բեմադրվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացումը: