Իսպանիայի պաշտպանության նախարարը դեմ է հանդես եկել Ուկրաինա զորք ուղարկելուն
Մադրիդը դեմ է Ուկրաինա զորք ուղարկելու գաղափարին, քանի որ չի ցանկանում հակամարտության էսկալացում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը։
EFE լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ նախարարն ասել է, որ «կտրականապես դեմ է» իսպանական զորքեր ուկրաինական տարածք ուղարկելուն: Ռոբլեսն այն կարծիքին է, որ Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զինվորականների ներկայությունը կարող է հակամարտության էսկալացում հրահրել։
«Մենք պետք է զգույշ գործենք, որպեսզի նման էսկալացման տեղիք չտանք»,- հավելել է նա։
Ռոբլեսը հիշեցրել է, որ ուկրաինական ճգնաժամի հենց սկզբից ՆԱՏՕ-ում հայտարարել են նման էսկալացումից խուսափելու կարևորության մասին։
Միևնույն ժամանակ, Ռոբլեսն ասել է, որ հարգում է այն եվրոպական երկրների դիրքորոշումը, որոնք չեն բացառել իրենց զինվորականներին Ուկրաինա ուղարկելը` այնտեղ ուկրաինացի զինվորականներին վերապատրաստելու համար։