Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում. «Մայր Հայաստան»
Հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի շենքի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի և հատուկ միջոցների ապօրինի օգտագործումից հետո իշխանությունը փորձում է լայնածավալ բռնաճնշումների միջոցով վախի մթնոլորտ ձևավորել երկրում և դրանով վերացնել ցանկացած դիմադրության ու ըմբոստության դրսևորում: Ունենք նոր քաղբանտարկյալներ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Հետապնդվում են ոչ միայն հունիսի 12-ի հանրահավաքի մասնակիցները, այլև այն մարդիկ, որոնք համակրում են շարժմանը, մասնավորապես՝ GG տաքսի ծառայության սեփականատերը։
Բացի այդ, իշխանության ուղիղ թիրախում է հայտնվել ՀՅԴ-ն, որն, ինչպես հայտնի է, մեր երկրի ԱԺ-ում ներկայացված ընդդիմադիր հատվածի մաս է կազմում: Սա իշխանության կողմից օրենսդիր մարմնում առկա քաղաքական ընդդիմախոսին լռեցնելու փորձ է։
Մենք կոչ ենք անում Հայաստանի քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, տեղական ու միջազգային իրավապաշտպան կառույցներին դատապարտել ՀՀ իշխանության այս գործելաոճը: Այս ամենը վկայում է, որ Հայաստանը հայտնվել է հետամնաց բռնապետական երկրների շարքում»: