Քննչական կոմիտեն պատասխանել է GG ընկերությանը
GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի», իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին հայտարարություն է տարածել Քննչական կոմիտեն` պատասխանելով «GG» ընկերությանը:
«GG ընկերության կողմից տարածված հայտարարությունն առ այն, որ «ընկերության դեմ» հարուցված քրեական վարույթը անհիմն է և ապօրինի, իրականությանը չի համապատասխանում։
Նախ քրեական վարույթը որևէ սուբյեկտի դեմ չի նախաձեռնվում, այլ` դեպքի կամ փաստի առթիվ։
Երկրորդ՝ տվյալ քրեական վարույթը, հարկերից խուսափելու հատկանիշներով, ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին։
Վարույթով նախաքննությունը շարունակվել է մինչ այս ընկած ժամանակահատվածում։ Դրա շրջանակներում նախօրեին, իրականացվել են խուզարկություններ, ինչը վարութային ստանդարտ գործընթաց է։
Այս տեսանկյունից քրեական վարույթը GG ընկերության հիմնադրի ակտիվ քաղաքացիական դիրքորոշման և հասարակական գործունեության հետ կապելու և բացառապես նման պնդման հիման վրա այն անհիմն և ապօրինի համարելու մասին ընկերության` հունիսի 16-ին արած հայտարարությունն ընդամենը ավելի քան մեկ տարի առաջ սկսված քրեաիրավական գործընթացը քաղաքականացնելու, իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է»,- նշված է ՔԿ տարածած հայտարարությունում։
Ավելի վաղ GG ընկերությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր` «Հայկական «ջիջի» ընկերության դեմ հարուցվել է ակնհայտ անհիմն և անօրինական քրեական վարույթ, որի միակ դրդապատճառը ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի ակտիվ քաղաքացիական դիրքորոշումը և հասարակական գործունեությունն է։