Իրանի և ՌԴ ԱԳՆ-ները դեմ են Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտությանը
Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի քանին և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով Ռուսաստանի ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Թեհրանում կայացած բանակցություններում քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում և հանդես եկել տարածաշրջանի գործերին արտաքին խաղացողների միջամտության դեմ: Այս մասին հայտնում է ԻԻՀ դիվանագիտական գերատեսչությունը։
«Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը ես պարզաբանեցի Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի խնդիրների վերաբերյալ՝ նշելով Կովկասում որոշ արտատարածաշրջանային խաղացողների ներկայության ապակայունացնող հետևանքները։ Կովկասում խաղաղության և կայունության պահպանման համար անհրաժեշտ է ավելի սերտ համակարգում և փոխգործակցություն Իրանի, Ռուսաստանի և այլ տարածաշրջանային կառավարությունների միջև», — գրել Է Իրանի ԱԳ նախարարը X սոցցանցում:
Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, Բագերի Քանին հայտարարել է, որ «Կովկասյան տարածաշրջանի գործերին օտարերկրյա միջամտության ուժեղացումը պահանջում է ռազմավարական համակարգում և մշտական խորհրդակցություններ Իրանի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև»:
Այս առումով, նրա խոսքով, «կարևոր է առավելագույնս օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների ներուժը, ինչպիսին է «3+3» հարթակը, տարածաշրջանի առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար»:
Խովաևն ընդգծել է Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ Մոսկվայի և Թեհրանի տեսակետների նմանությունը և «այդ կապակցությամբ նշել Է Անդրկովկասի գործերին արտատարածաշրջանային խաղացողների միջամտության դեմ պայքարելու համար երկու երկրների իշխանությունների միջև սերտ և մշտական փոխգործակցության ու համակարգման անհրաժեշտությունը», ասված է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: