«Ցավն այսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող». Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում
Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը դեռ կշարունակի մնալ հիմնադանցում։
Աբրահամ Գասպարյանի կինը՝ Արփի Հարությունյանը գրել է.
«Էսօր ավելի հաճախ ցավազրկեցին Աբրահամին։ Քնի մեջ էլ անընդհատ խոսում էր։ Ասում էր՝ «Խոջավենդ չի, Մարտունի ա»։ Հետո վեր թռավ, կողոսկրերի ցավից չէր կարողանում շնչել։ Կերակուրից էլ հրաժարվեց։ Մի քանի գդալ ապուր միայն կերավ։ Ցավն էսօր ուրիշ էր՝ ծանր ու չընդհատվող։ Բժիշկները որոշեցին, որ դեռ կշարունակի մնալ հիվանդանոցում։
Մոտ 100 այցելու է այսօր եկել, այդ թվում՝ անծանոթներ։
Գևն էսօր քննության էր։ Րոպեներն էր հաշվում, որ ավարտի, գա՝ հայրիկին տեսնելու։ Նախօրեին տատիկին ասել էր՝ դուռը փակեք, մի քիչ մենակ եմ ուզում մնալ. հայրիկի արնաշաղախ ֆոտոներն էր տեսել։ Գևը սովորաբար սենյակում փակվում է, երբ վիրավորված է լինում։
Ի դեպ, Աբրահամի հեռախոսը դեռ չի գտնվել։ Գողացել են։ Ամենայն հավանականությամբ՝ մի կարմրաբերետ կամ ոստիկան։ Զանգերից մեկին պատասխանած տղամարդը, որը հետո անպատասխան թողեց բոլոր զանգերը, ներկայացել էր որպես ոստիկան ու, իբրև թե, Սիրահարների այգում սպասում էր, որ մոտենանք, վերցնենք»։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը Գասպարյանը հոսպիտալացվել է հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտից։
Ազգային ճակատից հայտնում էին. «Ազգային ժողովի մոտից բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել»։