Մեկ օրում գրանցվել է 8 ՃՏՊ, 16 մարդ ստացել է վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 12-13-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, ֆիզիկական ներգործության՝ 8, հոգեկան ներգործության՝ 4, խարդախության՝ 3, մարդու առևանգման, բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, սպանության, անձնական ունեցվածքի գողության, համակարգչային հափշտակության, դրամանենգության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու, ինքնիրավչության, աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության կամ դրանք իրացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող հիմքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ու առողջությանը ծանր վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։