Մեկնարկում են Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները
2024 թվականին լրանում է մեծանուն գրող, գրականագետ Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակը:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, հոբելյանական տարին կնշանավորվի բազմաթիվ միջոցառումներով. մեկնարկը կտրվի հունիսի 13-ին Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի «Ակսել Բակունցի տուն-թանգարան» մասնաճյուղում:
Հոբելյանական օրվա շրջանակում կկայանա հանդիպում հրապարակախոս Հակոբ Այնթապյանի հետ: Տեղի կունենան ARLOOPA հավելվածով Ասլամազյանի «Բակունցի և մոր դիմանկարի» անիմացիայի և «Սյունյաց երկիր» թերթի՝ Ակսել Բակունցին նվիրված հատուկ համարի շնորհանդեսները: Թատերական ներկայացումներով հանդես կգան Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները, տեղի կունենա համերգային ծրագիր:
Միջոցառումները կուղեկցվեն հյուրերի հետ զրույց-քննարկումներով, երեխաների համար խեցեգործության, նկարչության վարպետության դասերով։