Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղավոր են պատերազմական հանցագործությունների համար. ՄԱԿ-ի զեկույց
Մարդու իրավունքների հարցով ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննող հանձնաժողովը Իսրայելին և մի քանի պաղեստինյան կազմակերպության մեղադրել է ռազմական հանցագործությունների համար։ «Իսրայելը մարդկության դեմ հանցագործություններ է կատարել՝ բնաջնջում, սպանություն, սեռական հալածանք՝ ուղղված պաղեստինցի տղամարդկանց և տղաներին, բռնի տեղահանում, խոշտանգումներ և անմարդկային ու դաժան վերաբերմունք»,- ասվում է հանձնաժողովի չորեքշաբթի՝ հունիսի 12-ին ներկայացված զեկույցում:
Հանձնաժողովը նաև նշել է, որ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան մյուս վեց զինված խմբավորման գործողությունները, ինչպես նաև Իսրայելի վրա շարունակվող հրթիռային հարձակումները նույնպես համարվում են ռազմական հանցագործություններ։
Հանձնաժողովն Իսրայելից պահանջել է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ ՀԱՄԱՍ-ից՝ դադարեցնել հրթիռներ արձակել Իսրայելի տարածք և ազատ արձակել պատանդներին:
Փաստաթղթի հեղինակների խոսքով՝ Թել Ավիվը խոչընդոտել է հանձնաժողովի հետաքննությունը և նրա մուտքը մարտական գոտի։ ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զեկույցը պետություններին կներկայացվի հունիսի 19-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 56-րդ նստաշրջանում։
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Իսրայելի դեսպան Մեյրավ Շադարը հանձնաժողովին մեղադրել է հակաիսրայելական կողմնակալության համար։