Արայիկ Հարությունյանը դատապարտել է Երևանում հրեական սինագոգի վրա հարձակման դեպքը
Երևանում հունիսի 11-ին հրեական սինագոգի վրա հարձակման դեպքն անհանգստացնող է։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Այժմ իրավապահների կողմից կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: ՀՀ իշխանությունները և հանրությունը միարժեքորեն դատապարտում են ազգային և կրոնական այլատյացության յուրաքանչյուր դեպք և փորձ: Ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեր հասարակության մեջ գերիշխում է հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Ավելին, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներգրավված են հասարակական կյանքի կենսագործունեության բոլոր ոլորտներում: Համոզված ենք, որ իրավապահներն ամեն ինչ կանեն՝ բացահայտելու գրանցված միջադեպի հանգամանքները»,- նշեց Հարությունյանը։
Հունիսի 11-ին լուրեր էին տարածվել, որ անհայտ անձը քարով հարվածել է Երևանում հրեական կրոնական կենտրոնի պատուհանին և կոտրել այն։