Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան
ԱՄՆ Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը հունիսի 11-ից 20-ը կլինի Հայաստանում՝ մասնակցելու ԱՄՆ պետդեպարտամենտի և ԱՄՆ քաղաքապետների և քաղաքների գործադիր մարմինների կողմից կազմակերպված ԱՄՆ-Հայաստան տեղական ժողովրդավարության համաժողովին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Էլեն Ասատրյանի գրասենյակից, Գլենդելի քաղաքապետը Երևան կժամանի հունիսի 11-ին։ Այցի նպատակն է երկկողմ հարաբերությունների ամրապնդումը, տնտեսական հնարավորությունների ուսումնասիրումը և Գլենդելի ու Հայաստանի միջև մշակութային ու կրթական փոխանակումներին աջակցելը։
Էլեն Ասատրյանը կայցելի նաև Գյումրի, հնարավոր է, նաև Կապան, եթե ժամանակը թույլ տա։ Այցի ընթացքում Գլենդելի քաղաքապետը հանդիպումներ կունենա Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաների, լրատվամիջոցների, գործարարների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Ասատրյանը կմասնակցի նաև քննարկումների, որոնք կենտրոնացած կլինեն Հայաստանի, ինչպես նաև Հայաստանում Գլենդելի քույր քաղաքների հետ կապերն ամրապնդելու, ժողովրդավարության, կայուն զարգացման, առևտրի, զբոսաշրջության և տեխնոլոգիական համագործակցության վրա։
Անդրադառնալով Հայաստան կատարելիք այցին՝ էլեն Ասատրյանը շեշտել է, որ ոգևորված է որպես Գլենդելի քաղաքապետ իր ծննդավայր վերադառնալու առթիվ։