Արդեն 15 օր Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ Անդրեյ Խալիլյանը․ Ժաննա Ալեքսանյան
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հայտնում է․
«Արդեն 15 օր, Մայիսի 27-ից Նուբարաշեն ՔԿՀ-ում հացադուլ է սկսել ազգությամբ եզդի դատապարտյալ, 25 ամյա Անդրեյ Խալիլյանը, ահազանգում են հարազատները։
Նրա ճնշումը վերջին անգամ չափելուց հետո բժիշկն ասել է, եթե մի 5 օր էլ անցնի դու չես դիմանա, կմեռնես։ Նրա պահանջը պարզ մի բան է՝ փոխել իր խուցը, ինչը չեն անում, մեկ անգամ նրան տեղափոխել են մի խուց, որտեղ նրան ծեծի են ենթարկել, չնայած,որ զգուշացրել էր, որ այդ անձի հետ խնդիրներ ունի։ Իր հացադուլի, խնդիրների մասին տեղյակ է պահել Նուբարաշենի ղեկավարությանը, վարչությանը, սակայն անարձագանք է մնացել։ Նրան Նուբարաշենում նսեմացնում են և երիտասարդը տպավորություն ունի, որ իր նկատմամբ խտրական վերաբերմունք կա։
Հացադուլավորին չի այցելել ո՛չ ՄԻՊ-ը, ո՛չ էլ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը»։