Ռեալը հերքել է Անչելոտիի՝ 2025թ․ Աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելուց հրաժարվելու մասին խոսքերը
Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել Աշխարհի ակումբային նոր առաջնությանը մասնակցելու վերաբերյալ, որը կկայանա 2025 թվականի ամռանը։
Ավելի վաղ Լոս բլանկոսի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտնել էր, որ իսպանական ակումբը կհրաժարվի մասնակցել մրցաշարին։
«Մադրիդի «Ռեալը» ասում է, որ իր մասնակցությունը Աշխարհի ակումբային նոր առաջնությանը, որը կազմակերպվելու է ՖԻՖԱ-ի կողմից 2024/2025 մրցաշրջանում, երբեք կասկածի տակ չի եղել։
Ուստի մեր ակումբը, ինչպես և նախատեսված էր, կմասնակցի այս պաշտոնական մրցաշարին, որը մենք ողջունում ենք հպարտությամբ և առավելագույն ոգևորությամբ, որպեսզի ևս մեկ անգամ ստիպենք մեր միլիոնավոր երկրպագուներին ամբողջ աշխարհում երազել նոր տիտղոսի մասին»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ ասվում է ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։