Այո՛, այդ մարդը՝ ես եմ, ավելին՝ այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի հանրապետությունը․ Բագրատ սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկած հանրահավաքի մասնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ողջունեցին «սրբազան» բարձր վանկարկումներով ու ծափաողջուններով։
Ի պատասխան՝ սրբազանը ժպտաց, հետո հայցեց նահատակ եղբայրենրի զավակների, հայրերի առաջնորդությունը՝ երկինք նայելով իրենց հայացքի առջև խոնարհվելով մեր ընտանիքների դիմաց, իրենց ծնողների, մեր ծնողների, հայրենիքի հայրերի ու մայրերի առջև։
«Այլ բանի մասին պետք է խոսեի, հետո կխոսեմ, հիմա ասեմ պետք է ասեմ, որ մի տնազուրկ, անտուն մարդու տեսանյութ են տարածել՝ ծաղրելով, նվաստացնելով մարդուն, այդ մարդուն ներկայացնելով որպես Բագրատ սրբազան՝ հարբած, խմած, աստիճանների վրա գիտակցությունը կորցրած։ Այո, այդ մարդը ես եմ, ավելին՝ այդ մարդը խորհրդանշում է Հայաստանի հանրապետությունը։ Ինչպես այդ անտուն, շատ պատկառելի և հարգելի, մատնվել է թշվառության, այդպես էլ մեր ողջ ժողովուրդն է մատնված նույն տիպի թշվառության, տնազրկման ու բնազրկման այս չարիքի կողմից»,- այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց Բագրատ սրբազանն՝ անդրադառնալով համացանցում շրջանառվող անտուն քաղաքացու լուսանկարին։
Սրբազանի խոսքով՝ այս շարժումը նպատակ ունի վերականգնել մեր տունը։
«Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում ՝ խաղաղություն է, մինչդեռ խաղաղություն չկար։ Պետք է ամաչեն, որ պղծության գործեր կատարեցին, սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին։ Այս մարգարեական խոսքերն արտահայտում են մեր իրականությունը, որը խաթարել է մեր ներքին անձնական ու հավքական խաղաղությունը՝ վերածվելով անպատվության, քաոսի, ատելության, թշնամության, անաապագա անորոշության և դրանից բխած անսահմանափակ վախերի։ Այն խաթարել է նաև և հատկապես՝ մեր արտաքին խաղաղությունը՝ պայմանավորված անվտանգային խնդիրներով, հատկապես՝ հակառակորդ երկրի հռետորաբանությամբ և գործողություններով , անընդհատ ստորացնելով և նվաստացնելով»,- ընդգծեց Բագրատ սրբազանը։