ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի մասնակցի Ուկրաինայի հարցով շվեյցարական հանդիպմանը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չի մասնակցի Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման խորհրդաժողովին, որը տեղի կունենա հունիսին՝ Շվեյցարիայում, հայտարարել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ համաժողովին չի մասնակցի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Միացյալ Նահանգները գագաթնաժողովում կներկայացնեն փոխնախագահ Քամալա Հարիսը և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Չինաստանը նույնպես հրաժարվել է մասնակցել համաժողովին։ Պեկինը հայտարարել է, որ «Հանդիպման կազմակերպումը դեռևս չի համապատասխանում ՉԺՀ-ի պահանջներին և միջազգային հանրության ակնկալիքներին»:
Շվեյցարիայի կառավարությունը մայիսին հայտնել էր, որ իրենք պատրաստ են հրավեր ուղարկել Ռուսաստանի Դաշնություն, սակայն Մոսկվան պատասխանել է, որ այդ համաժողովն իրեն չի հետաքրքրում։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է. «Այս ֆորումը նվիրված է լինելու «Զելենսկու վերջնագրի տեսքով բանաձևի» առաջմղմանը, թեև համաժողովի շվեյցարացի կազմակերպիչները ձևացնում են, թե տարբեր երկրներից խաղաղության նախաձեռնությունների ընդհանուր հայտարար են փնտրում»։
Ուկրաինայի նախագահի գրասենյակն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 3-ի դրությամբ 107 երկրի ներկայացուցիչ հաստատել է իր մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության հարցով գագաթնաժողովին», որը կանցկացվի հունիսի 15-16-ը՝ Շվեյցարիայում։