Մահից 33 տարի անց ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
ՌԴ քննչական կոմիտեն երգիչ Իգոր Տալկովի մահից 33 տարի անց ավարտել է արտիստի սպանության գործի հետաքննությունը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ՔԿ մամուլի ծառայությանը։ Նշվում է, որ երգչի սպանության համար մեղադրվում է արտիստի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանը, որն այժմ բնակվում է Իսրայելում։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի Սանկտ Պետերբուրգ քաղաքի գլխավոր քննչական վարչությունն ավարտել է Իգոր Տալկովի համերգային տնօրեն Վալերի Շլյաֆմանի դեմ քրեական գործի հետաքննությունը։ Նա մեղադրվում է սպանության ու սպանության փորձի համար, որը կատարել է ընդհանուր վտանգավոր եղանակով (ՌԽՖՍՀ ՔՕ 102 հոդված, մաս 2»),- նշված է հաղորդագրության մեջ։
Քննությամբ պարզվել է, որ 1991 թվականի հոկտեմբերին Սպորտային պալատի «Հոբելյանական» համերգասրահի կուլիսներում ծագած վիճաբանության ժամանակ մեղադրյալը փորձել է ատրճանակից կրակել արտիստներից մեկի՝ Իգոր Մալախովի ուղղությամբ, սակայն մահացու վնասվածք է պատճառել Տալկովին։ 1992 թվականին Վալերի Շլյաֆմանը, որը թաքնվում էր Իսրայելում, հետաքննության մարմինների կողմից հեռակա կարգով ներգրավվել է որպես մեղադրյալ` անզգուշությամբ սպանություն կատարելու համար: Սակայն 2021 թվականին գործի հետաքննությունը վերսկսելուց հետո Ռուսաստանի քննչական կոմիտեի քննիչները հավաքված ապացույցների հիման վրա եկել են այն եզրակացության, որ Շլյաֆմանը պետք է ներգրավվի դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար։
«Իրականացվել են զգալի ծավալով քննչական գործողություններ. ամբողջ Ռուսաստանում հարցաքննվել է ավելի քան 150 վկա, որոնց թվում են էստրադայի արտիստներ, մարզադահլիճի աշխատակիցներ և ոստիկանության աշխատակիցներ, որոնք ներկա են եղել դեպքի վայրում։ Իրականացվել են մի շարք գենետիկ հետազոտություններ, հարցաքննվել են փորձագետները, որոնք կատարել են փորձաքննություններ 1991-1992թթ.։ Նրանցից մեկից առգրավվել են Շլյաֆմանի վերնաշապիկի կտորներ՝ արյան հետքերով, որոնք էական նշանակություն են ունեցել նրան սպանության հանցակից համարելու գործում»,- հայտնել են ՌԴ ՔԿ-ից։
Գերատեսչությունում նշել են, որ քննության արդյունքներով քրեական ուղարկվել է մեղադրական եզրակացությունը հաստատելու և հետագայում դատարան ուղարկելու համար:
Երգիչ և կոմպոզիտոր Իգոր Տալկովը սպանվել է 1991 թվականի հոկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգի «Հոբելյանական» մարզական պալատում, որտեղ անցկացվում էր հայտնի կատարողների համերգը: Այնտեղ վիճաբանություն է տեղի ունեցել երգչուհիներից մեկի ներկյացուցիչ Իգոր Մալախովի և Իգոր Տալկովի ու նրա տնօրեն Վալերի Շլյաֆմանի միջև՝ արտիստների ելույթների հերթականության պատճառով: Քննության տվյալներով՝ Շլյաֆմանը, խլել է Մալախովի մոտ եղած ատրճանակն ու կրակել նրա ուղղությամբ, սակայն փամփուշտը դիպել է Տալկովին: Արտիստը վնասված է ստացել սրտի հատվածում։