Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելուց բացի Հայաստանում ԵՄ դիտորդներից ոչինչ սպասել պետք չէ. Զախարովա
Ռուսաստանը բազմիցս հրապարակային ընդգծել է Հայաստանում Եվրամիության առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Անդրադառնալով օրերս ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի՝ ԵՄ դիտորդների մասին արած հայտարարությանը, Զախարովան նշել է, թե ապացույցներ պետք չեն՝ հասկանալու համար այդ «առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակները»։
«Ռազմաքաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը հերթական անգամ աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն դարձնելուց բացի՝ ԵՄ նմանատիպ նախաձեռնություններից ոչինչ ակնկալել պետք չէ»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ հումանիտար շփումների, տնտեսության, ենթակառուցվածքների, հաղորդակցությունների զարգացման հնարավորություններին և կայունության հաստատմանը այդպիսով մեծ վնաս է հասցվում։