Փաշինյանից դժգոհություն չեմ լսել իմ հանդեպ․ Անահիտ Ավանեսյան
Մի քիչ հասկանալի չէր, թե ինչումն էր խնդիրը, որովհետև կառավարությունն իր տված խոստումը՝ ամեն տարի ավելացնելու պետական պատվերի շրջանակները, իրականացնում է և մեր բյուջեի ավելացումն էլ դրա վառ օրինակն է։ Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված ԱԺ-ում բյուջեի կատարողականի ժամանակ ՔՊ-ականների քննադատություններն իր և իր ղեկավարած նախարարության հասցեին։
Հարցին՝ հատուկ ընդգծված վերաբերմունք կա՞ Ձեր նկատմամբ, օրինակ` Վահագն Ալեքսանյանի կամ Արսեն Թորոսյանի կողմից, նա պատասխանեց. «Կարծեմ՝ սպառիչ պատասխաններ եմ տվել պարոն Ալեքսանյանի բարձրացրած հարցին։ Պարզաբանվեց, որ ամբողջ տեղեկատվությունը ինչը, որ բաց և հասանելի է տրամադրվում է, իսկ այն տեղեկատվությունը, որն անձնական գաղտնիք է, բժշկական գաղտնիք է, ցավոք սրտի, չենք կարող տրամադրել»։
Ինչ վերաբերում է հարցերին, արդյոք թիմի ներսում խնդիր կա, իրեն պաշտոնանկ կանե՞ն և որ այդ մասին մամուլն էլ է պարբերաբար գրում, Ավանեսյանն ասաց․ «Չեմ կարծում, թե թիմում որևէ խնդիր կա։ Այո՛, լինում են որոշակի քննադատություն և տարբերություններ տեսանկյունների, որը նորմալ է, աշխատանքային է, խնդիր չեմ տեսնում»։
Իսկ արդյոք կառավարության գործընկերներից կամ Նիկոլ Փաշինյանից էլ կա դժգոհություն իր հանդեպ, նա արձագանքեց․ «Նման դժգոհություն չեմ լսել»։
Ճշտող հարցին էլ՝ միայն Վահագն Ալեքսանյանն ու Արսեն Թորոսյա՞նն են դժգոհ, նա ասաց․ «Չեմ ուզում ընդգծել որևէ մեկին»։