Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ դեմ է ՄԱԿ-ի որոշմանը՝ COP29-ը (Կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի ամենամյա գագաթնաժողով) Ադրբեջանում անցկացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Բաքվի ցեղասպան ռազմավարությունը, կազմակերպած էթնիկ զտումները, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան և հայատյաց գաղափարախոսությունը և կոռուպցիայի և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերն այդ երկրում:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Ադրբեջանին շնորհելով այս կարևոր իրադարձությունը հյուրընկալելու պատիվը՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, որը ձեռնտու չէ ո՛չ կլիմային, ո՛չ էլ աշխարհի մարդկանց:
«Ադրբեջանին որպես COP-29 գագաթնաժողովը հյուրընկալող երկիր ընտրելը լեգիտիմացնում, ռացիոնալացնում և նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, դա սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը:»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտը շեշտում է՝ ՄԱԿ-ը պետք է չեղարկի COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը և գտնի հյուրընկալով այլ երկիր։
Հայտարարությունը հիշեցնում է, որ Ադրբեջանը՝ որպես COP29-ը հյուրընկալող երկիր, ՄԱԿ-ի կողմից ընտրվել է 2023 թվականի դեկտեմբերին, երեք ամիս չանցած այն բանից, երբ Բաքուն տասնամսյա ցեղասպանական շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտումների ենթարկեց։
«Արցախից գաղթը, որը վերջ դրեց աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկի գրեթե 4000-ամյա շարունակական ներկայությանը, վերջին ժամանակների ամենաազդեցիկ ցեղասպանություններից մեկն էր: Արցախահայության դեմ Ադրբեջանի «հաղթանակը» տոնելու համար նախագահ Ալիևը նույնիսկ խարույկ վառեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ Նովրուզի կապակցությամբ՝ անվանելով այն «վերջնական մաքրում»,- ասվում է հայտարարության մեջ։
Լեմկինի ինստիտուտն իր հայտարարության մեջ պատմական ակնարկ է կատարում՝ հիշեցնելով 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մանրամասները։
«Չի կարելի մոռանալ, որ 2020 թվականի Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի ժամանակ ադրբեջանցի զինվորները մեղավոր են եղել զինաթափված հայ զինվորների, ինչպես նաև հայ խաղաղ բնակիչների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամների նկատմամբ ծայրահեղ և սարսափելի վայրագությունների մեջ։ Այս փաստագրված վայրագությունները ներառում են գլխատումներ, հայերի անդամահատումներ՝ դեռ կենդանի ժամանակ, խոշտանգումներ և նվաստացումներ՝ բացառապես նրանց ինքնության պատճառով: Երբ 2022 թվականին Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ սկսեց Հայաստանի դեմ, նա նման վայրագություններ կատարեց՝ ներառյալ հայ կանանց նկատմամբ սեռական բռնության կիրառումը և զինաթափված հայ զինվորների կոտորածը։ Այս հանցագործությունների համար պատասխանատվություն չի եղել։ Դրանք հիշեցնում են 1915-1923 թվականներին թուրքական և ադրբեջանական զորքերի, ժանդարմների, զինվորների և քաղաքացիական անձանց կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանական վայրագությունները և օգնում են բացատրել, թե ինչու էր Ադրբեջանի համար այդքան հեշտ արցախցի հայերին ահաբեկելը, նրանց փախուստի մատնելը՝ ներխուժելով այդ տարածք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին»,- ասված է հաղորդագրությունում։
Լեմկինի ինստիտուտը նաև շեշտում է, որ բացի տասը ամիս Լեռնային Ղարաբաղի մոտ 120 հազար հայերին շրջափակելուց, տարածք ներխուժելուց և բնակչությանը գրեթե ամբողջության փախուստի մատնելուց, Ադրբեջանը նաև մեթոդաբար ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը։
«Եթե այս ուղղությամբ ոչինչ չձեռնարկվի, Արցախը կդառնա Նախիջևանի պես․ ադրբեջանական էքսկլավ, որը ժամանակին ունեցել է զգալի հայ բնակչություն, իսկ հիմա չունի, որտեղ Ադրբեջանն արդեն ոչնչացրել է հայկական մշակութային ժառանգության մոտ 98 տոկոսը՝ ներառյալ եկեղեցիները, գերեզմանները և վանքերը»,- նշում է Լեմկինի ինստիտուտը։
Վերջինիս տարածած հայտարարության մեջ ուշադրություն է հրավիրվում նաև Ադրբեջանի կողմից ապօրինի պահվող հայ գերիների առկայության վրա, որոնց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները։
«Այս հանցագործություններից բացի, Ադրբեջանը շարունակում է ապօրինի ձերբակալված պահել հայ ռազմագերիներին, քաղաքացիական անձանց և Արցախի կառավարության՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված անդամներին, այդ թվում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին: Հայ պատանդների նկատմամբ խոշտանգումների կիրառման մասին կան ամուր ապացույցներ»,- հայտարարել է ինստիտուտը:
Լեմկինի ինստիտուտը նշում է, որ Ադրբեջանը պարբերաբար խախտում է միջազգային իրավունքն՝ անտեսելով միջազգային դատարանների պայմանագրերն ու վճիռները:
«2022 թվականի պատերազմը Հայաստանի դեմ, Արցախի տասնամսյա շրջափակումը և սեպտեմբերի 19-ին Արցախ ներխուժումը 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի կողմից համաձայնեցված հրադադարի եռակողմ հայտարարության խախտումներն էին։ Ավելին, Ադրբեջանը անտեսել և խախտել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021 թվականի դեկտեմբերի 7-ին, 2023 թվականի փետրվարի 22-ին, 2023 թվականի հուլիսի 6-ին և 2023 թվականի նոյեմբերի 17-ին նշանակված ժամանակավոր միջոցները»,- նշվում է հայտարարության մեջ։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը նաև անհրաժեշտ է համարում նշել, որ Ադրբեջանն ունի մարդու իրավունքների անմխիթար վիճակ, որը գնալով ավելի է վատանում:
«2023-ից մինչև 2024 թվականը Ադրբեջանի ազատության ցուցանիշը նվազել է 2 կետով՝ 9-ից հասնելով 7-ի (100-ից), ինչը նրան դարձնում է աշխարհի ամենաավտորիտար կառավարություններից մեկը։ Ավելին, Ադրբեջանի և Ալիևի վարչակարգի գործողությունները հողօգտագործման և բնական կլիմայի պահպանման հարցում ուղղակիորեն հակասում են COP29 համաժողովի հիմքում ընկած հիմնարար սկզբունքներին: Ադրբեջանը ոչ միայն նավթային պետություն է, որը հենվում է հանածո վառելիքի արտահանման վրա, այլև Ադրբեջանի պետական էներգետիկ և բնական պաշարների արդյունաբերությունը լի է կոռուպցիայով, ինչը երկիրը ուղղակիորեն հակադրում է COP29-ի հայտարարված նպատակներին», - ասվում է հայտարարության մեջ:
Լեմկինի ինստիտուտն անհեթեթ, ամոթալի և խորապես ցինիկ է համարում ադրբեջանցի պաշտոնյաների այն պնդումները, թե իրենք ցանկանում են «COP29-ը դարձնել խաղաղության ոստիկան»:
«Եթե Ադրբեջանն իսկապես ցանկանում է ցույց տալ իր հանձնառությունը խաղաղության կառուցմանը, ապա պետք է անհապաղ ազատ արձակի քաղբանտարկյալներին: Եթե այս փոքրիկ քայլը հնարավոր չէ անել, ապա նրանց իրական մտադրությունները պարզ են։ Այն ժամանակ, երբ աշխարհի բնակչությունը կորցրել է հավատը միջազգային կառույցների հանդեպ, ՄԱԿ-ը պետք է գլուխը հանի ավազից և դադարեցնի ցեղասպան պետության դիվանագիտական հովանավորությունը՝ սկսած COP29-ից», - եզրափակել է Լեմկինի ինստիտուտը։