Առաջին ալիքը ներողություն է խնդրում «գեբելսյան ստի» համար. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու հրապարակել հաղորդավարի խոսքի այդ հատվածը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ Հանրային հեռուստաընկերությունը մեջբերում էր արել ձայնագրությունից՝ այն սխալ մեկնաբանելով։
«Հ1-ն անցել է Գեբելսյան քարոզչության: Սո՛ւտ։ Սու’տ։ Սու’տ:
Արցախի բարբառով «վընա՛ման» նշանակում է միայն ու միմիայն «ոտնաման», «կոշիկ» ու ՈՉ ՄԻ ԿԵՐՊ չի նշանակում «վերցնել»», - գրել էր նա, ապա մանրամասները ներկայացրել ուղիղ եթերում։
Մելիքյանի խոսքով՝ Հ1-ն այդ հատվածը թարգմանել է. «2200 դրամ եմ վերցրել, այն դեպքում երբ 40 հազարից պակաս չեմ կարող վերցնել»։
«Այն դեպքում, երբ այդ քաղաքացին ասել է, որ այս պահին 2200 դրամանոց կոշիկ է հագնում, երբ նախկինում 40,000-ից պակաս չէր հագնում», - պարզաբանել է իրավապաշտպանը։