ԲԿԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը. Պիտեր Վարգա
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պատվիրակությանը։
Արայիկ Հարությունյանը կարևորել է ԲԿԳ հետ համագործակցությունը Հայաստանում թափանցիկության, հաշվետվողականության մակարդակի բարձրացման և նորարարության ներդրման գործում:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս գործընթացի շրջանակներում ներդրվել են արդյունավետ մեխանիզմներ կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, հանրային մասնակցության և նորարար լուծումների ներդրման ուղղությամբ։
ԲԿԳ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համակարգող Պիտեր Վարգան բարձր է գնահատել ՀՀ Կառավարության ջանքերը և հաստատակամությունը թափանցիկության, հաշվետու ինստիտուտների կառուցման և հանրային մասնակցության ուղղությամբ։ Պիտեր Վարգան նշել է, որ ԲԿԳ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ Կառավարության բարեփոխումների օրակարգի իրականացմանը:
Միաժամանակ, կարևորվել է ԲԿԳ դերը «Հանրային կառավարման բարեփոխումների» օրակարգի և ՀՀ միջազգային որոշ պարտավորությունների շրջանակներում այլ հանձնառությունների իրականացման հարցում: