Թուրքիայում հայը օճառի արտադրություն է հիմնել
Հայազգի 63-ամյա Զաքարյա Սաբունջուն 23 տարի ընդմիջումից հետո վերադարձել է ծննդավայր Դերիք, որը գտնվում է Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին նահանգում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական «Շանլը Ուրֆա» լրատվական կայքը հայտնում է, որ Զաքարիա Սաբունջուն, ով տարծաշրջանում առկա ահաբեկչության սպառնալիքի պատճառով ժամանակին մյուս բնակիչների պես ընտանիքի հետ միասին ստիպված էր հեռանալ Դերիքից, վերադառնալուց հետո օճառի արտադրություն է սկսել:
Նա տունը արտադրամասի է վերածել, որտեղ օճառ է արտադրում ժամանակին պապու և հոր կողմից տնկված ձիթապտղի ծառից ստացված յուղից:
Երկու ամիս առաջ ծննդավայր վերադարձած Սաբունջուն, ով որոշել է շարունակել իր նախնիների գործը, հայտնել է, որ իր արտադրած օճառները սպառվում են Դիարբեքիրի (Աղձնիք), Շանլըուրֆա, Վիրանշեհիրի և Քըզըլթեփեի ու շրջակա բնակավայրերում:
Նա նաև հայտնել է, որ իրենց ծագման պատճառով Դերիքում երբևէ իրենց օտար չեն զգացել:
Լրատվական կայքը հայտնում է նաև, որ Սաբունջուի վերադարձից հետո Դերիքի հայերի թիվը ավելացել է՝ հասնելով 3-ի: