Ղազախստանը մտադիր Է ԱԷԿ-ի կառուցման համար 10-12 մլրդ դոլար ծախսել
Եթե համազգային հանրաքվեում հավանության արժանանա ատոմակայանի կառուցման հարցը, Ղազախստանը ակնկալում է օբյեկտի կառուցման համար ծախսել 10-12 մլրդ դոլար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «էներգիայի այլընտրանքային աղբյուրների օգտագործման մասին» օրենքի նախագծի խորհրդատվական փաստաթուղթը:
Փաստաթղթի համաձայն, եթե ԱԷԿ-ի կառուցմանը հավանություն տան ընտրողները, ապա այն պետք է կառուցվի մինչև 2035 թվականը՝ պետական բյուջեի միջոցներով: Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 5-ին և հանրային քննարկումների փուլում կլինի մինչև 2024 թվականի հուլիսի 27-ը:
2023 թվականի սեպտեմբերին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն առաջարկել է երկրում ատոմային էլեկտրակայան կառուցելու հարցով համազգային հանրաքվե անցկացնել: Նրա կարծիքով՝ Ղազախստանը, լինելով ուրանի խոշորագույն արտադրողներից մեկն աշխարհում, պետք է ունենա սեփական ատոմային գեներացիան: