Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
Լիտվայի Հանրապետությունը 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանի՝ ջրհեղեղից տուժած շրջանների համար։
Այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100․000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից։», - նշվում է գրառման մեջ։
Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում: