Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը․ Գալուզին
Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը վերահաստատել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ պաշտոնյայի խոսքերը։
Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որը տեղի է ունեցել մայիսի 10-11-ը Ղազախստանում։
«Դրա անցկացումը կողմերին հնարավորություն տվեց առաջ շարժվել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ճանապարհով։ Եվս մեկ կարևոր քայլ է արվել այս ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք շարունակել լիարժեք աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի երկու եղբայրական ժողովուրդների հաշտեցմանը, նպաստել փոխընդունելի և հավասարակշռված լուծումների որոնմանը՝ տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու նպատակով»,- ընդգծել է Գալուզինը։
Դիվանագետը բարձր է գնահատել նաև Աստանայի դերը, որը հարթակ է տրամադրել հայ-ադրբեջանական շփումների համար։
«Կարևոր է, որ նման հանդիպումները համահունչ են ընթանում 2020-2022 թվականների ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերին, որոնք, խաղաղության պայմանագրի կնքումից զատ, նախատեսում են Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակում, ընդհանուր սահմանի սահմանազատում, քաղաքացիական հասարակությունների միջոցով շփումների զարգացում»,- նշել է Գալուզինը:
Հիշեցնենք՝ Ղազախստանի Ալմաթի քաղաքում մայիսի 10-11-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:
Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
Այցի ընթացքում նախարարներն առանձին և երկկողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար: