Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել։ Միրզոյանի` խորհրդարան այցից առաջ երեկ Ազգային ժողովի շենքի դիմաց եւ դրա մատույցներում, հարակից այգիներում ոստիկանական զորք էր տեղակայվել, ինչպես սովորաբար արվում է Փաշինյանի տեղաշարժերի ժամանակ։
Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտնի դեպքերից առաջացած վախերը, սակայն խնդիրն այն է, որ Արարատ Միրզոյանը բոլոր հարցերում է ձգտում հասնել, անգամ գերազանցել Նիկոլ Փաշինյանին։
Դիցուք, քննարկմանն էլ աջուձախ «չորում» էր քաղաքական ընդդիմախոսներին՝ սուտ ու կեղծ թեզերն առաջ տանելով, իսկ քննարկումից հետո ուղղակի փախուստի դիմեց պետական պաշտոնյաների համար նախատեսված գաղտնի ետնադռնով, որտեղ լրագրողներին թույլ չեն տալիս ելումուտ անել։
Միրզոյանը ոչ միայն չպատասխանեց լրագրողների հարցերին, այլեւ իր ետեւից դուռը շրխկացրեց նրանց երեսին, ներսից էլ բանալիով փակեց։ Ի դեպ, նկատեցինք, որ առաջիկայում ՌԴ դեսպան գործուղվող Գուրգեն Արսենյանն ապագա «շեֆին» հրավիրել է իր մոտ՝ աշխատասենյակ, սակայն Միրզոյանը մերժել է՝ ասելով, որ ձախով է գնում, այսինքն` հետնադռնով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։