Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության և խաղաղության սկզբունքներին. ՀՀ ԱԺ նախագահը՝ Սլովենիայի իր գործընկերոջը
Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Սլովենիայի միջև հաստատված հարաբերությունները՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը երկու երկրների արդյունավետ փոխգործակցության հարցում:
Հանգամանալից քննարկվել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Եվրոպայում:
Ալեն Սիմոնյանն Ուրշկա Զուպանչիչին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ընդգծել ծրագրի կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների համար առևտրատնտեսական հնարավորություններ ստեղծելու համատեքստում:
«Հայաստանը հավատարիմ է ժողովրդավարության և խաղաղության սկզբունքներին»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
Զրույցի առանցքում են եղել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները, ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների վերադարձի հրամայականը:
Հանդիպման ավարտին կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի հայտարարությամբ, որից հետո Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրանցամատյանում և շրջայց կատարել Սլովենիայի Ազգային ժողովում: