Հայաստանի և Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում․ Սիմոնյանը՝ Սլովենիայի փոխվարչապետին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:
«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Անցած տարիներին կանոնավոր շփումներ են իրականացվել նախարարությունների, դեսպանատների մակարդակով, ակտիվ փոխանակումներ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության եւ շատ այլ ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի եւ Սլովենիայի համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը երկու երկրների փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ:
«Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելուն»,- հավելել է խորհրդարանի ղեկավարը:
Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարեւորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Տանյա Ֆայոնը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»: