Խոր կսկիծով տեղեկացա Արթուր Չիլինգարովի մահվան մասին. վարչապետը ցավակցական հեռագիր է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ Արթուր Չիլինգարովի մահվան կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը կսկիծով տեղեկացա Արկտիկայի և Անտարկտիկայի ականավոր հետախույզ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավոր Արթուր Նիկոլայի Չիլինգարովի մահվան մասին։
Լինելով ականավոր գիտնական, օվկիանոսագիտության, Հյուսիսային և Հարավային բևեռների մասին հիմնարար հետազոտությունների հեղինակ, իր երկարամյա և բուռն գործունեության համար Արթուր Չիլինգարովը արժանացել է նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևների՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամության ամրապնդման և զարգացման գործում ունեցած ավանդի համար։.
Խնդրում եմ Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել Արթուր Չիլինգարովի ընտանիքին և մերձավորներին»։