Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվելով իբրև թե ցուցարար. փաստաբան
Օպեր-լիազորները շարունակում են քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվելով ցուցարարների հետ իբրև թե ցուցարար, այս մասին ահազանգել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։
«Բազմիցս նշվել է, որ ոստիկանության ծառայողներն իրավունք չունեն հավաքներին ներկա գտնվել առանց օրենքով սահմանված տարբերանշանների:
Այնուամենայնիվ, ոստիկանության օպեր-լիազորները շարունակում են առանց ոստիկանության տարբերանշանների քաղաքացիական հագուստով մասնակցել հավաքներին` խառնվել ցուցարարների հետ որպես իբրև թե ցուցարար:
Այս պարագայում գործում է այն կանխավարկածը, որ հենց նրանք են այն սադրիչները, որոնք շշեր կամ այլ առարկաներ նետելով սկսում են խժդժություններ` ոստիկանության համազգեստավոր ծառայողների համար զանգվածային ձերբակալություններ սկսելու առիթ տալու համար:
Հետայսու կա՛մ ես, կա՛մ իմ խնդրանքով այլ անձինք լուսանկարելու են իմ իմացած օպերներին (որոնք էլ ինձ շատ լավ գիտեն):
Ավելացնեմ նաև, որ ոստիկանության կողմից ուժի կիրառումը հավաքի ժամանակ պետք է լինի ոչ թե նորմ, այլ` բացառություն: Բուն ուժի կիրառման ժամանակ գործում է հավաքի մասնակիցների բազմազանության սկզբունքը և ուժի հասցեատերը չի կարող լինել խաղաղ ցուցարարը: Ավելին` մեկ երկու շիշ նետելու փաստն ինքնին հիմք չէ զանգվածային ձերբակալությունների համար:
Ոստիկաննե´ր, մի ալարեք ու կարդացեք «խաղաղ հավաքների ժամանակ ոստիկանների գործունեության վերաբերյալ» ԵԱՀԿ ԺՀՄԻԳ ձեռնարկը։
Ինչ վերաբերում է կարմիրբերետավորների կողմից ցուցարարներին ծեծելու դեպքերին, ապա դա հանցագործություն է, որի համարժեք արձագանքը ոչ թե ոստիկանության ՆԱՎ-ի կողմից կարգապահական վարույթ հարուցելն է, այլ` քննչական կոմիտեի կողմից քրեական վարույթ նախաձեռնելն ու դատախազության կողմից հանրայինք քրեական հետապնդում հարուցելը: Տվյալ դեպքում այս շարժման շրջանակներում դեռևս որևէ ոստիկան քրեական հետապնդման չի ենթարկվել: Ի հակառակ սրան` ձերբակալվում են օբյեկտիվ ապացույցներով անմեղ անձինք:
Ոստիկանության ու քննչական կոմիտեի այս փոխլրացնող ապօրինի գործողությունները հիմք են տալիս պնդելու, որ կատարվողը քաղաքական իշխանությունների ուղիղ ցուցման արդյունք են»,- Facebook-ու գրել է Հարությունյանը։