Ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը. «Գեղարդ» հիմնադրամ
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամն անդրադարձել է վերջերս Լեհաստանում Ադրբեջանի դեսպանատան նախաձեռնությամբ բացված «Քրիստոնեական ժառանգությունն Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսին՝ ընդգծելով, որ ադրբեջանի պետական ապարատը միջազգային տարբեր հարթակներում շարունակում է գիտական կեղծ թեզերի տարածումը:
Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում Ադրբեջանի դեսպան Նարգիզ Գուրբանովան, Բաքվի բազմամշակութայնության միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Ռավան Հասանովը, աղվանաուդի քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռոբերտ Մոբիլին, «Ադրբեջանի աստվածաշնչյան ընկերություն» քրիստոնեական-կրոնական համայնքի նախագահ Ռասիմ Խալիլովը և այլք։
Հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ շեշտվում է, որ այս անձինք ինտենսիվորեն ներգրավված են ԼՂ-ում հայ ժառանգության բռնայուրացման քաղաքականության մեջ:
«Մասնավորապես՝ Ռ․ Մոբիլին, լինելով ուդիական համայնքի առաջնորդ, Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ուդիական համայնքը բազմիցս «ուղղորդել» է հայկական եկեղեցիներ՝ Դադիվանք, Ամարաս, Ծիծեռնավանք՝ կրոնական ծիսակատարություններ կատարելու նպատակով։
Միջազգային մի շարք համաձայնագրերով և հռչակագրերով (Հաագայի 1954 թվականի I և II արձանագրությունները, 2003 թվականի Մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագիրը, 2005 թվականի Ֆարոյի կոնվենցիան և այլն)՝ հանցագործություն է համարվում ոչ միայն հուշարձանների ֆիզիկական ոչնչացումն ու վանդալիզմն, այլև եկեղեցիների ինքնության ջնջումն ու վերափոխումը:
Միջոցառման՝ բացման իր խոսքում դեսպան Նարգիզ Գուրբանովան խոսել է Ադրբեջանում մուլտիկուլտուրալիզմի ավանդույթների մասին՝ նշելով. «Պատմականորեն մեր երկրում տարբեր կրոնների և ժողովուրդների ներկայացուցիչներ ապրել են կողք կողքի՝ խաղաղ և ներդաշնակ»։
Ի՞նչ խաղաղության և ներդաշնակ ապրելու մասին է խոսքը, երբ 2020 թվականի պատերազմի ընթացքում, որը սանձազերծել էր Ադրբեջանի իշխող ռեժիմը, անխնա թիրախավորել էր նաև քաղաքացիական օբյեկտները և խաղաղ բնակչությանը, իսկ «բազմամշակութային ավանդույթներ ունեցող» ադրբեջանական բռնապետությունը շուրջ 10 ամիս շրջափակման մեջ էր պահել 120 հազար հայ բնակչությանը՝ մատնելով սովի, ֆիզիկական ու հոգեբանական ճնշումների:
«Հանդուրժող» երկրի իշխանությունները, գերտերությունների թողտվությամբ, շրջափակումից հետո խաղաղ բնակչությանը ենթարկեցին բռնի տեղահանության և շարունակեցին յուրացնել Արցախի հայկական մշակութային ժառանգությունը` խաղալով «խաղաղ և բազմամշակութային» իրենց դերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը դատապարտում է Ադրբեջանի պետական ռեժիմի վարած քաղաքականությունը և հորդորում է միջազգային կազմակերպություններին ու ժողովրդավարական երկրներին՝ դատապարտելու ալիևյան բռնապետական ռեժիմը, կանխելու հայ մշակութային ժառանգության ոչնչացումը: