Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում․ երգչին պետբյուջեից վճարած 2,3 մլրդ դրամի ճակատագիրը դեռևս հայտնի չէ

Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում:
Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԿԳՄՍ նախարարությունից։
Դեռևս 2023 թվականի ամռանը տեղեկություն տրածվեց, թե Հայաստան է գալիս համաշխարհային մեծ աստղերից մեկը։ Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը Սնուփ Դոգի մասին է, և համերգը կկայանա 2023թ սեպտեմբերին, ապա համերգը հետաձգվեց։
Tert.am-ը ԿԳՄՍ նախարարությունից, մասնավորապես հետաքրքրվել էր, ի վերջո համերգը կայանալո՞ւ է, թե՞ ոչ, և պետբյուջեից համերգի համար վճարած գումարը վերադարձվելո՞ւ է, թե՞ ոչ։
«ՀՀ կառավարության 15,02,2024 թ․ N218-Ն որոշման հիման վրա համաշխարհային աստղ Սնուփ Դոգի համերգը տեղափոխելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Դոպինգ Սփեյս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև փետրվարի 19-ին կնքվել է համաձայնագիր, ըստ որի՝ Սնուփ Դոգի համերգը կկայանա 2024 թվականի ընթացքում։ Ներկայում «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ն բանակցում է երգչի հետ համերգի ժամկետները հստակեցնելու ուղղությամբ»,- ասված է ԿԳՄՍՆ պատասխանում։
Ինչ վերաբերում է պետբյուջեից համերգի համար վճարած 2,3 մլրդ դրամին ԿԳՄՍՆ-ից հայտնել են․
«ՀՀ պետական բյուջեից գումարը հատկացվել է Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար, և քանի որ ներկայում կազմակերպությունն իրականացնում է համերգի ժամկետների հստակեցում, հարցին վերջնական պատասխան կարող է տրվել միայն համերգի կայանալուց հետո»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։