Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել Իտալիայի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը. Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ ազգային տոնի առթիվ:
«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ։
Պատմական սերտ առնչությունների և ընդհանուր արժեհամակարգի վրա հիմնված Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները զարգանում են գործընկերության և փոխադարձ վստահության ոգով, առանձնանում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարեցտարի աճող երկկողմ տնտեսական ակտիվությամբ, մշակութային ու գիտակրթական փոխգործակցության վերելքով։
Կարևորում ենք Իտալիայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում:
Հայաստանը մշտապես առանձնահատուկ նշանակություն է հաղորդել մեր բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու դրանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով համալրմանը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առաջ մղել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Լիահույս եմ, որ տեսանելի ապագայում առիթ կունենանք հանդիպելու և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը, նախանշելու երկկողմ համագործակցության նոր հեռանկարները:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում: