«Արմավիր» ՔԿՀ-ի բուժզննման սենյակում հայտնաբերվել է թմրամիջոց
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ հիմնարկից բժշկական կենտրոն բուժզննության համար տեղափոխվող կալանավորված անձ Ս․Մ․-ին փոխանցվելու է թմրանյութ։
Ինչպես տեղեկացրին քրեակատարողական ծառայությունից, ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, խուզարկել են բուժզննման սենյակը։
Արդյունքում՝ հագուստի համար նախատեսված կախիչի հետնամասից հայտնաբերվել է ծխախոտի տուփ, որի մեջ առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ։
Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանություն, որից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀ բաժանմունքի ծառայողները։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության քննչական բաժին։