Քննարկվել են ՀՀ և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Մայիսի 29-ին կայացել է Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը Ղրղզական Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարար, հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի ղրղզական կողմի նախագահ Դանիյար Ամանգելդիևի հետ։
Հանդիպմանը դիտարկվել է Հայաստանի և Ղրղզստանի միջև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ բազմակողմ միավորումների շրջանակներում համաձայնեցված մեխանիզմների գործարկմամբ։
Քննարկվել են Հանձնաժողովի՝ Երևանում կայացած նախորդ նիստի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքն, ինչպես նաև հաջորդ նիստի նախապատրաստման հարցերը։ Տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների դիվերսիֆիկացման հարցի շուրջ մտքերի փոխանակման շրջանակներում ներկայացվել է Հայաստանի կառավարության կողմից նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։
Հանդիպման արդյունքներով երկուստեք վերահաստատվել է Հանձնաժողովի հետևողական գործունեության, ինչպես նաև համատեղ ջանքերի պահանջվածությունն՝ ի շահ երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների՝ փոխշահավետ երկկողմ նախագծերի վերհանման ու առաջմղման հարցերում ներգրավման։