Դատարանը մեղավոր է ճանաչել Թրամփին
Դոնալդ Թրամփը դարձել է ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահը, որին մեղավոր են ճանաչել քրեական հանցագործության մեջ։ Նյու Յորքի դատարանը նրան մեղավոր է ճանաչել ֆինանսական հաշվետվությունները կեղծելու մեջ, հաղորդում է Reuters գործակալությունը։
Երկու օրվա քննարկումներից հետո 12 ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել նրան առաջադրված մեղադրանքի բոլոր 34 դրվագներով։
Նրա նկատմամբ պատժի նշանակման նիստը կկայանա հուլիսի 11-ին։ Ակնկալվում է, որ սրանից օրեր անց Հանրապետական կուսակցությունը պետք է առաջադրի Թրամփին որպես թեկնածու նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններում։
Թրամփին մեղադրում են պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու նպատակով 2016 թվականի ընտրություններից առաջ նրան 130 000 դոլար վճարելու և դրա պատճառով գործարար հաշվետվությունները կեղծելու մեջ։ Գործարար փաստաթղթերը կեղծելու համար սահմանվող պատժի առավելագույն ժամկետը 4 տարվա ազատազրկումն է՝ չնայած նման գործերով դատապարտվածները հիմնականում ստանում են ավելի կարճ ազատազրկման ժամկետներ, տուգանքի վճարում կամ պայմանական ազատազրկում։ Եթե Թրամփի նկատմամբ կայացվի ազատազրկման որոշում, ապա նա չի կարողանա մասնակցել նախընտրական արշավների կամ հաղթելու դեպքում ստանձնել պաշտոնը։
77-ամյա Թրամփը հերքում է իր հանդեպ մեղադրանքները․ նրա փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։
«Իսկական դատավճիռը կլինի նոյեմբերի 5-ին՝ ժողովրդի կողմից», - ասել է ԱՄՆ նախկին նախագահը դատավճռից հետո լրագրողների հետ զրույցում։