Պետբյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով. Բադասյան
Ազգային ժողովում 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց
Պետական բյուջեի եկամուտներն ավելացել են շուրջ 296 մլրդ դրամով կամ 15,4 տոկոսով: Այս ավելացման մեջ էական դեր ունի հարկային վարչարարությունը: Այդ մասին Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, հայտնեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Ինչ վերաբերում է ստվերի կրճատմանը, նշեց՝ վերջին երեք տարիներին ստվերը կրճատվել է, 2023-ին իրականացվել են 2022 թվականի ավելացված արժեքի հարկի, շահութահարկի և եկամտային հարկի հարկային ճեղքի գնահատումներ, և պարզվել է՝ հարկային ճեղքը կազմում է ՀՆԱ-ի 3,06 տոկոսը, ինչը նախորդ տարվա համեմատ բարելավվել է 0,5 տոկոսային կետով:
Անդրադառնալով հարկեր-ՀՆԱ ցուցանիշին՝ Բադասյանը հայտնեց՝ այն կկազմի 23,9 տոկոս, ինչը եթե հիփոթեքային եկամտային հարկի վերադարձն էլ ներառվի հաշվարկում, 0,84 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից:
«Հարկ վճարողներին վերադարձվել է 363 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է շուրջ 100 մլրդ դրամով: Ավելացված արժեքի հարկի մասով կազմում է 75,4 մլրդ դրամ, կամ 35 տոկոս է եկամտային հարկը, 29 մլրդ դրամով կամ 44 տոկոսով է աճը, ակցիզային հարկը՝ 3,5 մլրդ դրամով է կամ շուրջ 200 տոկոսով»,- հայտնեց ՊԵԿ նախագահը:
Արդիականացվել են մաքսային սահմանի անցման կետերը, մասնավորապես, կառուցվել է Մարգարայի անցակետը, ՎԶԵԲ-ի և ԵՄ-ի աջակցությամբ արդիականացվում է Մեղրիի սահմանային անցման կետը, իրականացվել է Գոգավանի անցման կետի նորոգում, շարունակվում են Բագրատաշենի անցման կետի ընդլայնման և արդիականացման աշխատանքները:
2023 թվականի տարեվերջին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.726, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 37.306-ով կամ 5,3 տոկոսով: Միջին ամսական եկամտային հարկի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 40,6 մլրդ դրամ, ինչը 2022-ի նույն ցուցանիշից ավելի է 5,7 մլրդ դրամով: