Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտնել է ռուսական կողմից գիշերային զանգվածային հարձակման մասին
Հինգշաբթի գիշերը Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 11 Kh-101/Kh-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներից և 32 «Շահեդ-131/136» հարվածային անօդաչու թռչող սարքերից՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներն ու կարևոր ենթակառուցվածքները՝ հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը:
Ըստ տեղեկությունների՝ ուկրաինական կողմը կարողացել է խոցել յոթ X-101/X-555 հրթիռ և Խմելնիցկու, Դնեպրոպետրովսկի, Չերկասիի, Կիրովոգրադի, Զապորոժիեի, Օդեսայի, Խերսոնի, Կիևի և Վիննիցայի շրջանների ուղղությամբ արձակված բոլոր 32 կամիկաձե անօդաչու թռչող սարքերը։
Ամբողջ գիշեր Ուկրաինայում օդային ռմբակոծության տագնապ է հայտարարվել։
Բացի դրանից՝ ըստ հաղորդագրության, Խարկովի մարզ են արձակվել ութ С-300/С-400 զենիթահրթիռային կառավարվող հրթիռներ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Խարկովին հասցված հարվածի հետևանքով յոթ մարդ վիրավորվել է, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնկվել են հրդեհներ։
ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, առավոտյան հայտարարել է, որ գիշերն Ազովի ծովի վրայով խոցվել է ութ ամերիկյան ATACMS օպերատիվ-մարտավարական հրթիռ, իսկ Սև ծովի վրա՝ Ղրիմի ափին մոտ, ութ անօդաչու թռչող սարք և երկու ինքնակառավարվող մոտորանավակ:
Բացի դրանից՝ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ առավոտյան մոտ յոթին Կրասնոդարի երկրամասի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հինգ անօդաչու թռչող սարք։ Նովոռոսիյսկում օդային տագնապ է հայտարարվել:
Ղրիմի ներկայացուցիչները հայտնել են գիշերը Կերչի վրա հարձակման մասին։ Ըստ նրանց՝ խոցված հրթիռների բեկորներից վնասվել է երկու լաստանավ՝ ավտոմոբիլային ճանապարհը և երկաթուղին, «նավաստիների և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չկան»: