Փաշինյանը հասկացել է՝ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա․ Հուլուսի Քըլըչ
Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը գովել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին», - ասել է թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:
Ըստ Քըլըչի՝ Փաշինյանը տեսել է, որ պատմական հայկական հողերի գաղափարը սխալ է և ընդունել է իրականությունը։
«Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նա գիտակցում է, որ խաղաղության հասնելու դեպքում հայ ժողովուրդը կշահի տարածաշրջանի հարստություններից և կբարգավաճի։ Ակնկալում ենք, որ այս գործընթացը շուտով կավարտվի։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների բարեկամությանը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- նշել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը։