Քաղաքական դաշտը պետք է խտրական և ատելության խոսքից հնարավորինս զերծ լինի. ՄԻՊ
Քաղաքական դաշտը պետք է խտրական և ատելության խոսքից հնարավորինս զերծ լինի: Դա՝ միանշանակ, և ես նույնպես ընդունում եմ, որ այսօրվա մեր ընդհանուր պրոցեսներն ընթանում են, այդ թվում՝ խտրական, ատելության խոսքի բոլոր հնարավոր դրսևորումներով: Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է նկատի ունենան, որ ցանկացած գործընթացի շրջանակում իրենք ևս պատասխանատու են նշված խնդիրների առնչությամբ պատշաճ մոտեցում ցուցաբերելու համար, որովհետև մարդու իրավունքների տեսանկյունից սա իրականում չափազանց զգայուն ոլորտ է, և դրան պետք է շատ լուրջ ուշադրություն դարձվի:
Այս մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, որը վերաբերում էր Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժման կողմից որոշ անհատների, նաև իրավապահ համակարգի ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքին և ակնհայտ բացասական վերաբերմունքին:
Նրա խոսքով՝ եթե անդրադառնանք ատելության խոսքին, ապա այստեղ պատասխանատվության մեխանիզմները կամ դրանց դեմ պայքարի մեխանիզմները երեքն են: Առաջինը այն տեսակի ատելության խոսքն է, որը կարող է քրեաիրավական պատասխանատվության հանգեցնել, երկրորդ տեսակը այդքան էլ ծանր չէ, և այստեղ գործում են բացառապես վիրավորանքի և զրպարտության ինստիտուտները, և երրորդ հարթությունն այն խոսքի տեսակն է, որը նույնիսկ չի հանգեցնում վիրավորանքի, զրպարտության հետ կապված հետևանքների:
«Ահա այստեղ շատ կարևոր է, օրինակ, ԱԺ պատգամավորների, տարբեր հանրային գործիչների դերակատարումը, որովհետև այս խոսքի պարագայում էլ շատ կարևոր է նման գործիչների կողմից հակազդելը այդպիսի խոսքին: Այսինքն՝ ոչ միայն ձեռնպահ մնալ այդ խոսքը կիրառելուց, այլև հրապարակային հակազդելը: Վստահաբար, այս ուղղությամբ ԱԺ պատգամավորները կարող են ունենալ լուրջ դերակատարություն»,- ասաց ՄԻՊ-ը:
Ինչ վերաբերում է տարբեր անձանց թիրախավորմանը, նշեց՝ շատ կարևոր է հավասարակշռել խոսքի ազատության իրավունքը և նաև մնացյալ այլ ոլորտներները, կարևորեց՝ հատուկ պարտավորություն ունեն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք:
Ինչ վերաբերում է ոստիկանության ծառայողներին, նշեց՝ նրանք ևս հանրային ծառայություն են իրականացնում, և նրանք ևս պետք է պատրաստ լինեն տարբեր տեսակի հանգամանքների՝ դարձյալ նկատի ունենալով իրենց ծառայությունը:
«Իրենք էլ պետք է սովորեն թե՛ էթիկայի, թե՛ վարքագծի կանոններ, թե՛ բանակցային տարբեր հմտություններ տարբեր պրոցեսների շրջանակում, սակայն դա չի նշանակում, թե քաղաքացիները կարող են դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ: Բոլոր պաշտոնատար, հանրային ծառայություն ունեցող անձինք պարտավոր են հետևել այս կանոններին»,- պարզաբանեց Մանասյանը: