Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ցրվել է ընտրությունների նախաշեմին
Մեծ Բրիտանիայի խորհրդարանը պաշտոնապես ցրվել է՝ կապված առաջիկա վաղաժամկետ ընտրությունների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է օրենսդիր մարմնի կայքում։
«Խորհրդարանի արձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մայիսի 30-ին՝ հինգշաբթի օրը: Համայնքների և Լորդերի պալատի բոլոր աշխատանքներն ավարտվեցին: Ներկայում պատգամավորներ չկան, և Համայնքների պալատի յուրաքանչյուր տեղ թափուր կմնա մինչև 2024 թվականի հուլիսի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրությունների ավարտը», - գրված է հաղորդագրության մեջ։
Գործող օրենսդրության համաձայն՝ խորհրդարանը պետք է արձակվի համընդհանուր ընտրությունների անցկացումից 25 աշխատանքային օր առաջ։
Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունները կկայանան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնեցրել է դրանց անցկացումն ավելի վաղ ժամկետում՝ հուլիսի 4-ին։
Միացյալ Թագավորության վարչապետ Ռիշի Սունակն անցած շաբաթ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավորը բավարարել է խորհրդարանը ցրելու իր խնդրանքը։
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի արձակումից հետո թափուր են մնացել Համայնքների պալատի՝ ստորին պալատի բոլոր 650 տեղերը: Ընտրություններից հետո՝ հուլիսի 9-ին, խորհրդարանը կհավաքվի նոր կազմով՝ խոսնակ ընտրելու և պատգամավորների երդմնակալության համար։