Հայիթիի նոր վարչապետ է նշանակվել Գարի Կոնիլը
Հայիթիի անցումային խորհուրդը երկրի վարչապետ է ընտրել Գարի Կոնիլին։ Նա վարչապետի պաշտոնում Հայիթին կարճ ժամանակով ղեկավարել էր մոտ մեկ տասնամյակ առաջ՝ 2011 թ․ նոյեմբերից մինչև 2012 թ․ մայիսը։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ անցումային խորհուրդը Կոնիլին ժամանակավոր վարչապետ է ընտրել 6 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։
Այժմ անցումային խորհուրդը, որը նաև նախագահական լիազորություններ ունի, ըստ երկրի սահմանադրության, պետք է ընտրություններ անցկացնի մինչև 2026 թ․ փետրվարի 7-ը։
Մարտին Հայիթիի վարչապետ Արիել Հենրին հրաժարական էր տվել այն բանից հետո, երբ մեկնել էր Քենիա՝ ստորագրելու Հայիթիում բազմազգ անվտանգության ուժեր տեղակայելու վերաբերյալ համաձայնագիր, սակայն հանցախմբերը խռովություն էին բարձրացրել և նրան թույլ չէին տվել վերադառնալ երկիր:
2021 թվականին Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկիրը նախագահ չունի։ Երկրի ղեկավարությունը նրա մահից հետո ստանձնել էր Արիել Հենրին, սակայն նոր ընտրություններ չէր կազմակերպել, ինչպես նախատեսվում էր։
Հանցախմբերը շարունակում են ահաբեկել Հայիթին։ Ըստ ՄԱԿ-ի գնահատումների՝ Հայիթիում կա ավելի քան 360 000 ներքին տեղահանված, որոնց մեծ մասը՝ մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից։