ԱՄՆ-ը տակավին դեմ է Ռուսաստանի տարածքին հարվածելուն
Միացյալ Նահանգները դեռևս չեն խրախուսում ուկրաինական զինուժին՝ հարվածելու Ռուսաստանի տարածքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի հայտարարել է Մոլդովայի մայրաքաղաքում տեղի ունեցած ասուլիսում:
«Մենք չենք օգնում և չենք մղում Ուկրաինային նման հարվածների»,- Քիշնևում հայտարարել է Բլինքենը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ուկրաինական հրամանատարությունն ինքնուրույն է որոշում, թե ինչպես վարի ռազմական գործողությունները:
Պետքարտուղարության ղեկավարը նշել է, որ շարունակելով աջակցել Կիևին՝ ԱՄՆ-ը նաև պետք է հարմարվի հակամարտության փոփոխվող իրողություններին։
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ վարչակազմում հենց Բլինքենն է առավել ակտիվորեն հանդես գալիս այն դրույթի օգտին, որ Ուկրաինան հնարավորություն ունենա ամերիկյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքին: