Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքներ չեն. ԶՈւ գլխավոր շտաբի պետ
Այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը նշեց, որ Կիրանցի հատվածում ծառայությունը իրականացնում են սահմանապահ զորքերը, զինված ուժերն էլ իրենց նախորոշված հատվածներում կատարում են իրենց խնդիրները:
Հարցին՝ զինված ուժերը արդեն դո՞ւրս են եկել իրենց դիրքերից, նա պատասխանեց. «Զինված ուժերը իրենց զբաղեցրած դիրքերից դուրս չեն գալիս: Զինված ուժերի պահպանության համար դիրք չեն նշում, ԶՈւ-ին նշում են բնագիծ, հատված, շրջան, հենակետ: ԶՈւ գլխավոր շտաբը ռազմավարական խնդիրներ է լուծում և ռազմավարական օղակում նշանակում են բանակային կորպուսին գոտի, բրիգադին նշանակում են գոտի, գնդին նշանակում են տեղամաս, վաշին նշնակում են հենակետ, գումարտակին՝ շրջան: Մենք մեր սահմանված հենակետերում կանգնած ենք և կատարում ենք մեր առաջադրված խնդիրները»:
Հարցին՝ մենք ունեցե՞լ ենք հենակետ կամ դիրք, որից հետ ենք քաշշվել, Ասրյանը պատասխանեց.
«Մենք ամեն ուղղությունում ունենք տարաբնույթ ենթակառուցվածքներ: Սահմանապահ զորքերը այդ հատվածում իրենց առջև դրված խնդիրները կատարում են: Բանակն այնտեղ է, բանակը չի կարող ինչ-որ տեղից դուրս գալ: Սահմանապահ զորքերը, որտեղ կատարում են ծառայություն, դա ևս բանակի պատասխանատվության գոտի է, որտեղ պատրաստ ենք իրականացնել ծառայություն: Այո, սահմանապահները սահմանին իրականացնում են ծառայություն, բայց տվյալ ուղղություններում, Զիված ուժերն ունեն կանոնավոր ստորաբաժանումներ, որոնք պատրաստ են իրենց առաջ դրված խնդիրը կատարելու»:
Նա ևս մեկ անգամ խնդրեց իրեն «հող հանձնելու» մասին հարցադրում չանել. «Ես քաղաքացիական ենթակառուցվածքի խնդիր չեմ լուծում՝ տներ, տարածքներ, հողամասեր։ Այո՛, վստահ եմ, որ տրված տարածքները ՀՀ-ի տարածքները չեն»,-ասաց նա։
Իսկ թե ինչի՞ հիման վրա է պնդում՝ արձագանքեց. «Ես չեմ պնդում, դա պնդում է սահմանը, որը արտացոլված էր մեր քարտեզների վրա»։
Թե ինչպե՞ս էին մարդիկ սեփականության վկայական ստացել՝ ասաց, որ հարցը պետք է ուղղել ՊԵԿ-ին, դա իրենց գործառույթը չի։
«Ես ունեմ քարտեզներ, որտեղ արտացոլված է սահման, իսկ թե սահմանի ներսում, դրսում քաղաքացիական անձը կամ իրավաբանական անձն ունի՞ հողամաս, տուն, կառույց, դա իմ գործառույթը չէ»,-ասաց ԳՇ պետը։