Լեհաստանը մտադիր է Բելառուսի հետ սահմանին բուֆերային գոտի ստեղծել լեհ զինվորի դանակահարությունից հետո
Լեհաստանի իշխանությունները հաջորդ շաբաթ 200-մետրանոց բուֆերային գոտի կստեղծեն Բելառուսի հետ սահմանին։ Նման հայտարարություն է արել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը սահմանին լեհ զինվորի դանակահարությունից հետո։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Տուսկը բուֆերային գոտին վերականգնելու մասին հայտնել է երկու երկրների սահմանին սահմանապահների և զինվորականների հետ հանդիպմանը հաջորդող մամուլի ասուլիսում։
«Մեզ խորհուրդ են տվել, որ հնարավորինս շուտ վերականգնենք 200 մ բուֆերային գոտին այս հատվածում, որտեղ հնարավոր է.... Մենք պատրաստ ենք նման որոշում ընդունել հաջորդ շաբաթվա սկզբին», - ասել է Լեհաստանի վարչապետը։
Տուսկը նաև հայտարարել է սահմանապահներին օգնելու համար ոստիկանության և հատուկ տեխնիկայի ավելի ակտիվ ներգրավման մասին։
Հանդիպմանը ներկա պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ Կամիշը հայտարարել է, որ Լեհաստանը պատրաստ է ավելացնել Բելառուսի հետ սահմանին զինվորականների թիվը։ Այժմ սահմանին գտնվում է լեհական բանակի 5500 զինծառայող։
Մայիսի 28-ին Տուսկը տեղեկացրել է լեհ-բելառուսական սահման լրացուցիչ ուժեր ուղարկելու մասին՝ ի պատասխան անօրինական միգրանտների կողմից հարձակումների թվի աճի։ Մայիսի 28-ին դանակահարել են Լեհաստանի զինված ուժերի զինծառայողին, որը մասնակցում էր սահմանի պահպանությանը։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։
2024 թվականի սկզբից սահմանապահ ծառայությունն արձանագրել է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման ավելի քան 13 000 փորձ:
Երկու երկրների սահմանին լարվածություն է տիրում 2021 թվականից, երբ Մերձավոր Արևելքից մեծ թվով միգրանտներ սկսեցին Եվրոպա ներթափանցելու փորձերը։ ԵՄ-ում Բելառուսին մեղադրեցին դրան նպաստելու մեջ։ Բելառուսը հերքել է այս մեղադրանքները։
Լեհաստանի և Բելառուսի միջև բուֆերային գոտի ստեղծվել էր հենց 2021 թվականին՝ Լեհաստանի նախորդ կառավարության օրոք։
Լեհաստանը նախատեսում է Բելառուսի հետ սահմանն ամրապնդելու համար ծախսել 10 միլիարդ զլոտի (2,55 մլրդ ԱՄՆ դոլար)։