Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում
Այս պահին Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը ՆԳՆ շենքի մոտ է։ Երթի մասնակիցները պահանջում են հանդիպում ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանի հետ։
Քիչ առաջ հավաքի մասնակիցների մոտ իջավ ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, գալով Բագրատ Սրբազանի մոտ՝ նրան տեղեկացրեց, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում։
Սակայն, ըստ Վ. Մարտիրոսյանի, նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն չի իրականացվում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ երթով շարժվելու են ՆԳ նախարարություն։
«Գնալու ենք բացատրություն ստանալու, հարցադրում՝ կատարվածի համար, հասկանալու՝ ներքին գործերին նախարա՞րն է հրաման տվողը, թե՞ հրաման են տվել, որ կատարի։ Վահե Ղազարյանին շատ լավ եմ ճանաչում։ Գնում եմ արդեն նախկին բարեկամ, պատասխան ստանալու»,- սուրբ Աննա եկեղեցու բակում հավաքվածներին ասաց Բագրատ սրբազանը՝ հավելելով, որ իրենց գործողություններում ազատ են լինելու։