Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասված է․
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում Հայաստանի Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի զոհերի ընտանիքներին։
Մաղթում ենք շուտափույթ ապաքինում վիրավորներին և ուժ ու կորով բոլոր նրանց, ովքեր տուժել են այս ողբերգական դեպքից»,-ասված է հայտարարության մեջ։
Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են առաջացել։ Հեղեղումների հետևանքով ջրալցվել են տներ, շենք-շինություններ, քանդվել ճանապարհներ։ Նախնական տվյալներով՝ Լոռիում և Տավուշում հեղեղումների հետևանքով կա 4 զոհ։