1918թ.-ի Սարդարապատի հերոսամարտը ոչ միայն թույլ տվեց փրկվել նոր ցեղասպանությունից, այլև վերականգնել շուրջ հազար տարի առաջ կորսված պետականությունը. «Մեր պատմությունը» նախագիծ (տեսանյութ)
1917թ.-ին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխական գործընթացների հետևանքով 1918թ.-ի գարնան դրությամբ Կովկասյան ճակատից հեռացել էր շուրջ կես միլիոնանոց ռուսական կայսերական բանակը՝ Օսմանյան կայսրությանը դիմակայելու ամբողջ ծանրությունը թողնելով հայկական ու վրացական զորամիավորումների վրա: Սարդարապատի ճակատամարտի մասնակից, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի վկայությամբ՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանը վստահեցնում էր, որ դեպի Կովկաս շարժվող թուրքական բանակին հնարավոր է կանգնեցնել Կարսի մարզում, քանզի Կարսի ամրոցը հնարավորություն ուներ շուրջ երկու ամիս դիմակայելու թշնամուն, սակայն Թիֆլիսի հարավկովկասյան իշխանությունները որոշեցին հանձնել Կարսը՝ հույս ունենալով, որ օսմանյան բանակը Արաքսը չի անցնի և կբավարարվի Կարսի և Բաթումի մարզերի զինագրավումով: Մինչդեռ թուրքական բանակը կանգ չառավ, արագ գրավեց Ալեքսանդրապոլն ու շարժվեց դեպի Երևան՝ ստրատեգիական ծրագիր ունենալով գրավել ամբողջ Հարավային Կովկասն ու դուրս գալ Կասպից Ծով, ինչը թույլ կտար Օսմանյան կայսրությանն ու նրա դաշնակից Գերմանիային ոչ միայն տիրանալ Բաքվի նավթարդյունաբերությանը, այլև լայն աշխարհաքաղաքական հորիզններ բացել պանթուրքական ծրագրերի իրականացման համար:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Երևանում Արամ Մանուկյանի գլխավորությամբ հապճեպորեն ձևավորված իշխանությանը հաջողվեց լուծել ռազմաճակատը կազմակերպելու խնդիրը և զսպել բնակչության շրջանում անկումային տրամադրությունները, ինչը թույլ տվեց բանակին և կամավորներին ջախջախել մայիսի 21-ին Սարդարապատ կայարանը գրաված ու դեպի Երևան-Էջմիածին շարժվող թուրքական զորամիավորումներին: Այս հարցում Վճռական նշանակություն ունեցավ նաև Գևորգ 5-րդ Կաթողիկոսի քայլը, երբ նա չանսաց բազմակողմանի հորդորներին և հրաժարվեց լքել Էջմիածինն ու պատսպարվել Սևանում՝ նախընտրելով մինչև վերջ մնալ Մայր Աթոռում: Վեհափառի այս քայլը վճռականություն հաղորդեց ոչ միայն քաղաքական ղեկավարությանը, այլև զինվորականներին, որոնց մոտ վերջնականապես բյուրեղացավ գիտակցումը, որ Սարդարապատը հայության և Հայաստանի լինելիության այն վերջին գիծն է, որից այն կողմ նահանջելու տեղ չկա՝ ոչ ֆիզիկապես, ոչ էլ հոգեբանորեն:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի՝ 1918թ.-ի Սարդարապատի ճակատամարտում հաղթանակով Արարարտյան դաշտի բնակչությունը փրկվեց ցեղասպանությունից, իսկ Արևելյան Հայաստանը՝ թուրքական նվաճումից: Սարդարապատը դրեց հայկական պետականությունը վերականգնելու հիմքերը: Հերոսամարտը հայ ժողովրդին մեջքն ուղղելու և սեփական ուժերին հավատալու հարցում կարևոր նշանակություն ունեցավ: Ցեղասպանության հետևանքով հոգևարքի մեջ գտնվող հայ ժողովուրդը Սարդարապատում կարողացավ մեկ բռունցք դառնալ, համախբել ուժերն ու ջախջախել թշնամուն:
Սարդարապատի հերոսամարտին նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.